ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանում պահվում է 44-օրյա պատերազմի եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Բաքվում հայտնված շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։ Սահակյանը շեշտել է, որ գերիներն այս ընթացքում ենթարկվել են նաեւ բռնի անհետացման։
Իրավապաշտպանը նշել է, որ մինչեւ սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը Ադրբեջանում պահվող գերիները պաշտոնապես 33-ն էին, այժմ էլ շուրջ 20 նոր գերեվարված կա։ Նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես նույնականացվել է, առաջիկայում ՄԻԵԴ-ի միջոցով եւս պատասխաններ են ակնկալվում, որից հետո հնարավոր կլինի վերջին ագրեսիայի հետեւանքով գերության մեջ հայտնվածների հստակ թիվ հայտնել:
Սահակյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է միջպետական գործընթաց, որը ներառում է ե՛ւ ռազմագերիների հարցը, ե՛ւ նրանց նկատմամբ վերաբերմունքը, ե՛ւ վերադարձի հնարավորությունը։ Հայ գերիների հարցն անուղղակիորեն քննարկվում է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում` ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանը շեշտել է, որ մեր պետությունն առաջին անգամ է հանդես գալիս միջազգային իրավական ատյաններում. Հայաստանը նախկինում զերծ է մնացել մարդու իրավունքների հարցերով որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ մեր գերիները դադարել են գերի լինելուց, նրանք արդեն պատանդներ են եւ օգտագործվում են որպես Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու միջոց:
Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ ներդրված իրավական եւ քաղաքական ջանքերի շնորհիվ 44-օրյա պատերազմից հետո Բաքվից 156 գերի է հայրենադարձվել։