Ըստ DPA լրատվական գործակալության՝ Գերմանիայի արեւելյան հատվածի երկրամասերում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցերի ընդդեմ գնաճի, ինչպես նաեւ իշխանություններին կոչ են արել չեղարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, Ուկրաինային զենքի մատակարարումները։
Մեքլենբուրգ-Վերին Պոմերանիայում, տեղի ոստիկանության տվյալներով, 20 տարբեր վայրերում ընդհանուր առմամբ 11 հազար ցուցարար է հավաքվել։ Նոյբրаնդենբուրգ քաղաքում ցուցարարները պահանջել են նաեւ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները եւ սահմանափակել էներգակիրների գները։
Շվերինում ակցիայի մասնակիցները կոչ են արել չեղարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, սկսել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շահագործումը։
Սաքսոնիա-Անհայտում ցույցերին մասնակցել է մոտ 3 հազար մարդ։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նաեւ Թյուրինգիայի երկրամասի քաղաքներում։ Սաքսոնիայի Լեյպցիգ քաղաքում ցույցի դուրս է եկել մոտ 1000 մարդ։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, երբ սկսվեց նաեւ էներգակիրների գնաճը Եվրոպայում, Գերմանիայում յուրաքանչյուր երկուշաբթի մշտապես բողոքի ցույցերի են դուրս գալիս նրանք, որոնք դեմ են դաշնային կառավարության վարած քաղաքականությանը, սակայն զուգահեռաբար նաեւ ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ամեն երկուշաբթի ցույցերի դուրս գալու կոչն արել է «Ձախերի կուսակցությունը», որը գերմանական դաշնային Բունդեսթագում ամենափոքր խմբակցությունն ունեցող ընդդիմադիր կուսակցությունն է։ Վերջինիս կոչում նշվում է, որ ցույցերը պետք է տեղի ունենան «Թեժ աշուն ընդդեմ սոցիալական ցրտի» կարգախոսի ներքո եւ ընդգրկեն դաշնային կառավարության սոցիալական եւ էներգետիկ քաղաքականությունից դժգոհ զանգվածներին։
Յուրաքանչյուր երկուշաբթի բողոքի ցույցի դուրս գալու ավանդույթը գալիս է դեռ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության մայրամուտի ժամանակներից, երբ 1989 թվականին առաջին անգամ մարդիկ իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտելու համար ամեն երկուշաբթի դուրս էին գալիս փողոց։
Պատրաստեց Արման Գրիգորյանը