Հյուսիսային Օսիայի ՆԳՆ պաշտոնական կայքը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում մեծ թվով ավտոմեքենաների ու ՌԴ պետական սահմանը հատել ցանկացող քաղաքացիների կուտակմամբ պայմանավորված՝ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ-ում ժամանակավոր օպերատիվ խումբ է ստեղծվել:
«Ժամանակավոր օպերատիվ խմբի աշխատակիցները սերտ համագործակցություն կհաստատեն զինկոմիսարիատի հետ։ Անցակետի տարածքում աշխատանքներ կկազմակերպվեն մասնակի զորահավաքի տակ հայտնված զորահավաքային տարիքի քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու ուղղությամբ, որոնց հետ կկազմակերպվեն բացատրական զրույցներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ուժեղացված հսկողության նպատակն է նաեւ կանխել սահմանային գոտում հասարակական կարգի խախտումներն ու ապօրինությունները։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի հատկապես Ռեդանտ գյուղից Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի հատվածում։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին թույլ են տվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն եւ մուտք գործել Վրաստան: Մինչ այդ սահմանը հնարավոր էր հատել միայն ավտոմեքենայով կամ հեծանվով։ Տեղեկությունը հաստատել են նաեւ Հյուսիսային Օսիայի Ռուսաստանի «ԷֆԷսԲե»-ի սահմանապահ ծառայության մամուլի գրասենյակից եւ նշել, որ նման որոշում է ընդունվել թողունակության համար։
Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով չպետք է խուճապի մատնվել։ Փոխվարչապետը նշել է, որ վրաց-ռուսական սահմանի հսկողությունն իրականացվում է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի պահպանմամբ:
«Բոլոր գերատեսչությունները, որոնք մասնակցում են սահմանների պաշտպանությանը, մաքսային հսկողությանը կամ այլ ընթացակարգերին, մոբիլիզացվել են, նրանց գործողությունները համակարգվում են»,– լրագրողներին ասել է Ցուլուկիանին:
«Իմեդի» հեռուստաալիքի տվյալով՝ ՆԳՆ-ն ավելացրել է աշխատակիցների թիվը «Կազբեկի» անցակետում:
Ռուսաստանցիներին ուժով ՌԴ վերադարձնել չի նախատեսվում. ՌԴ ՊՆ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանից զորակոչիկների զանգվածային արտագաղթի մասին լուրերը չափազանցված են: Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մասնակի զորահավաքի իրականացման շրջանակում ուրիշ պետություններին չի դիմել ռուսաստանցիներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով, նման հնարավորություն չի ծրագրել եւ չի ծրագրում:
Մասնակի զորահավաքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի հրամանագրից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվում են այլ երկրներ: Ռուսաստանի որոշ բնակավայրերում տեղի են ունենում զորահավաքի դեմ բողոքի ակցիաներ:
ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում՝ Վերին Լարսի անցակետում, կտեղակայի զինկոմիսարիատի զորահավաքային կենտրոն: Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի սահմանին երեք օրում գոյացել է մոտ երկու հազար ավտոմեքենաների հերթ: Ոտքով սահմանն անցնելու արգելք դեռ չկա:
Պուտինի որոշումից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ՝ հիմնականում արական սեռի չափահաս քաղաքացիներ, սկսել են հեռանալ երկրից: Ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են Ղազախստանի եւ Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհներին: