Ըստ The Hill պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մերձավորարեւելյան հարաբերություններում նշանակալի բեկման շեմին է, քանի որ սուսուփուս կարողացել է հասնել նրան, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ համաձայնություն գոյանա տարածքային ջրային սահմանների վերաբերյալ։ Բանակցություններն, ըստ երեւույթին, մոտենում են եզրագծին։
Ամերիկյան վարչակազմն ամեն ջանք ներդրել է ապագա համաձայնագրի նշանակության նվազեցման համար, քանի որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունների նորմալացման ցանկացած քայլ կարող է «Հըզբոլլահ» խմբավորման կողմից հնարավոր աղետալի հետեւանքներով արձագանք առաջացնել։ Եթե Լիբանանի եւ Իսրայելի միջեւ այդ համաձայնագիրը կնքվի, դա կնշանակի, որ Լիբանանը, թեկուզեւ անուղղակի, ճանաչում է Իսրայելի օրինականությունը, որի հետ պաշտոնապես պատերազմական վիճակում է, ինչն արդեն Բայդենի վարչակազմի համար ահռելի մեծ հաղթանակ է, որ դիվանագիտությունն օգտագործում է Մերձավոր Արեւելքում կայունությունն ամրապնդելու համար։
«Դա կարեւոր հաղթանակ կլիներ Բայդենի վարչակազմի համար,- արձանագրել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնի ավագ խորհրդական Մոնա Յաքուբյանը։- Անկեղծ ասած՝ դա նշանակալի հաղթանակ կլիներ տարածաշրջանային կայունության եւ լարվածության նվազեցման տեսակետից»։
Բանակցությունները վարում է ԱՄՆ նախագահի միջազգային էներգետիկ հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոհշտեյնը։ Նա Իսրայելի եւ Լիբանանի միջեւ միջնորդական առաքելությունը սկսել էր հոկտեմբերի կեսերին՝ 2020 թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք տեղի ունեցած բանակցություններից հետո։
Բանակցություններն առանձնապես ուշադրություն չեն գրավել, քանի որ աշխարհում այժմ բավականին շատ են համաշխարհային ճգնաժամերը, դրանց թվում՝ ռուսական ներխուժումն Ուկրաինա։ Սակայն բանակցությունները «հնարավորինս ստվերում են պահվել» նաեւ ամերիկյան վարչակազմի ցանկությամբ։
Յաքուբյանը շեշտել է, որ ամերիկյան վարչակազմը եւ անձամբ Հոհշտեյնը այդ խնդիրը հիանալի կերպով են կարողացել լուծել։ Իրականում երկու կողմերն էլ ցանկանում են հարաբերություններ կարգավորել, եւ սպասվում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ծովային սահմանի հարցերը կլուծվեն։
Իսրայելը ցանկանում է խուսափել Լիբանանի հետ հակամարտությունից եւ հարաբերությունները զարգացնել տարածաշրջանում, իսկ Լիբանանի համար այսօր խիստ կարեւոր է տնտեսական օգուտներ ստանալը Միջերկրական ծովի այդ հատվածի բնական գազի հանքավայրից։
Ծովային սահմանի մասին համաձայնագիրն, իհարկե, անմիջապես տնտեսական օգուտներ չի բերի տնտեսական խոր ճգնաժամ ապրող Լիբանանի համար, սակայն կդիտարկվի որպես դրական քայլ։
Հարցն ունի ավել լայն ընդգրկում։ Բանն այն է, որ այդտեղ Քարիշ բնական գազի հանքավայրի շահագործումը կարող է Եվրոպային օգնել ազատվելու ռուսական գազից կախվածությունից, եւ, ինչպես նշում է Յաքուբյանը, եվրոպացիները հիմա, կարելի է ասել, տենդագին կերպով էներգիայի այլ աղբյուրներ են որոնում, որպեսզի դրանցով փոխարինեն ռուսական էներգետիկ աղբյուրները, եւ այդ համատեքստում Արեւելյան Միջերկրականի ավազանը առավել մեծ կարեւորություն է ստանում։
Չպետք է մոռանալ «Հըզբոլլահ» խմբավորման գործոնը
Այս ամենով հանդերձ, սակայն, չպետք է մոռանալ «Հըզբոլլահ» խմբավորման գործոնը, որին ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, եւ որը վերահսկում է Հարավային Լիբանանը, առհասարակ Լիբանանում ունի ահռելի մեծ իշխանություն եւ վերջին մի քանի շաբաթների ընթացքում էականորեն ավելացրել է սահմանային բանակցությունների եւ գազի արդյունահանման առնչությամբ Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալից հայտարարությունները։
«Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը սպառնացել է՝ հայտարարելով, որ իրենց հրթիռները թիրախավորել են Քարիշի բնական գազի հանքավայրը, եւ իրենց համար «կարմիր գիծ» է, որպեսզի այն չշահագործվի։ Այս հայտարարությանն արձագանքել են Իսրայելից պետության վարչապետի մակարդակով՝ հակադարձելով, թե հարկ եղած դեպքում Իսրայելը գիտի, թե ինչպես պաշտպանի իրեն:
Յաքուբյանը, սակայն, համարում է, որ Նասրալլահի հայտարարությունը մի տեսակ թատերականացված է։ Նա կարծում է, որ այս դեպքում ավելի շատ «ուժի ցուցադրություն» է տեղի ունենում հնարավոր իսրայելա-լիբանանյան գործարքի կնքման այժմյան «նախերգանքային փուլում», որպեսզի հետո վերջինս կարողանա իրեն դիրքավորել որպես լիաբանանյան շահերի պաշտպան, ցույց տալ, որ նաեւ իր ճնշման շնորհիվ է այդ գործարքը կնքվել։
Այլ մասնագետներ էլ կարծում են, որ պարզապես «Հըզբոլլահը» հերթական առճակատման համար է հիմքեր նախապատրաստում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը