Հայ առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախաձեռնած նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ դեռեւս չի քննարկվում:
Ավելի վաղ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը (Սեւրիուկ) հայտարարել էր, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակելու Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջեւ երկխոսություն հաստատելու ջանքերը:
Ալանիայի մկրտության 1100-ամյակին նվիրված «Քրիստոնեությունը Կովկասում. ավանդույթներ եւ արդիականություն» համաժողովում հոգեւորականը նշել է, որ եթե լինեն կոնկրետ նախադրյալներ կամ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն, հայկական եկեղեցին միշտ պատրաստ է: Ըստ նրա՝ նման եռակողմ ձեւաչափ գործում է արդեն երկար տարիներ։
Տեր Շահե վարդապետ Անանյանը հավելել է, որ հանդիպումը կազմակերպվում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով։ Հոգեւորականի համոզմամբ՝ եթե նման անհրաժեշտություն լինի, հայկական եկեղեցին կողմ կլինի Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։
«Եռակողմ հանդիպումներն արդեն պաշտոնական ձեւաչափ են հոգեւոր առաջնորդների հանդիպումների համար»,- ասել է վարդապետը:
Պատրիարք Կիրիլը 2021-ի հոկտեմբերին Մոսկվայի Դանիլովյան վանքում եռակողմ բանակցություններ է վարել Գարեգին Բ-ի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Դրանից առաջ պատրիարքը նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպել էր առանձին։