Եվրոպական Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի անդամ, Պորտուգալիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մարիո Սենտենոն հայտարարել է, որ Եվրամիությունում գնաճի վերաբերյալ սպասումները շարունակվում են կապված մնալ ԵՄ միջին ժամկետայնության ցուցանիշի հետ՝ հակառակ այն հանգամանքին, որ սպառողական գների աճը լինելու է ավելի կտրուկ եւ տեւական, քան ենթադրվում էր։ Սենտենոն շեշտել է, որ Եվրոպայում դե-ֆիքսացված գնաճային սպասումներ չկան, եւ հավելել է, որ եվրագոտում հնգամյա գնաճային սվոպները մոտ են 2 տոկոսի ցուցանիշին։
Պաշտոնյան նշել է, որ կտրուկ եւ ձգձգվող գնաճն առնչվում է տնտեսական վիճակը զգալիորեն փոխած եւ իրար հաջորդող ցնցումներին, մի բան, որ ընդամենը մեկ տարի առաջ կանխատեսել հնարավոր չէր։ Կանխատեսելի չէր նաեւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը առանձնապես նպաստեց էներգակիրների եւ սննդամթերքի գների վրա։ Դա պատճառ դարձավ, որ մատակարարումների ավանդաբար գործած շղթաներում խափանումներ լինեն։
Եվրոպական Կենտրոնական բանկը, հաշվի առնելով, որ տարեկան կտրվածքով սղաճը մոտենում է 10 տոկոսի սահմանաչափին, բարձրացրել է մեկնարկային տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ՝ 125 բազային կետով, եւ հնարավոր է, որ առաջիկա ամիսներին մեկնարկային տոկոսադրույքների բարձրացումը շարունակվի։ Սա արդարացված քայլ է, քանի որ շուկաները սպասում են նման գործողության՝ առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն՝ իբրեւ Եվրոպական Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նիստի արդյունք։
Պաշտոնյան նաեւ հավելել է, որ գնաճային առավելագույն ցուցանիշները պահպանվում են, եւ ցանկալի կանխատեսելիությունը դրամավարկային քաղաքականության մեջ առայժմ անհնար է ապահովել։ Հետեւաբար, ըստ Սենտենոյի, հավաքական եվրոպական ջանքերը պետք է ուղղված լինեն գնաճի առավելագույն ցուցանիշին հնարավորինս շուտ հասնելուն։ Դրանից հետո արդեն հնարավոր կլինի սպասել սղաճի նվազմանը։
Սենտենոն նշել է նաեւ, որ եվրոպական կառավարությունները չպետք է կիրառեն շրջափուլային հարկաբյուջետային քաղաքականություն։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ընտանիքներին ու բիզնեսին օգնության փաթեթների տրամադրելուն՝ իբրեւ գնաճի դեմ պայքարի միջոց։ Բանն այն է, որ կառավարությունների եւ Եվրոպական Կենտրոնական բանկի դրամային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները չպետք է միմյանց հակասեն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը