ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը կարող է դառնալ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից մեկը։
Կրեմլն այսպիսով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ նախօրեին արած հայտարարությանը, ըստ որի` ամերիկյան իշխանությունները չեն արգելի Կիեւին օգտագործել արեւմտյան զենքը Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերին հարվածներ հասցնելու համար, որոնք Ռուսաստանը կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հռչակել։
«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանելու իրեն իր ամբողջ տարածքում, ինչպես նաեւ վերադարձնելու այն տարածքը, որն այս կամ այն կերպ ապօրինաբար զբաղեցրել է Ռուսաստանը»,- ասել էր Բլինքենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները եւ կշարունակի դրանք Ուկրաինայի մաս համարել:
«Բացասական ենք վերաբերվում Բլինքենի հայտարարությանը: Փաստացի՝ ամերիկյան կողմն ավելի ու ավելի շատ է խորանում այս հակամարտության մեջ: Միացյալ Նահանգները մոտ է այս հակամարտության կողմ դառնալուն, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Պեսկովը:
Այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
Ինքնահռչակ հանրապեոություններում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին քվեարկել են համապատասխանաբար 99,23%-ը եւ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի բնակիչները: