ՄԻԵԴ գրասենյակից հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները եւ ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարեւորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:
Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին:
ՄԻՊ-ը նաեւ Եվրադատարանի նախագահին է տրամադրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Ռոբերտ Սպանոն ծանոթացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին եւ դրանց ուղղությամբ պետության ձեռնարկելիք քայլերին:
ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի փաստարկված տեղեկությունների ամփոփումն ու տրամադրումը: