Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի եւ Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետեւանքով զոհվել է Ղրղզստանի 63 քաղաքացի, նրանցից 50-ը զինծառայող էր, իսկ 13-ը՝ խաղաղ բնակիչ։ Բախման ընթացքում վիրավորվել է 195 մարդ:
Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումը սկսվել է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել է զոհերի: Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի համար:
Ղրղզստանի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի: Հանրապետության ԱԻՆ-ից հայտնել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել է շուրջ 1000 շինություն, որոնցից 613-ը՝ բնակելի տներ։