ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին առցանց ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել զրկելու Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամակցությունից, հեռացնելու միջազգային բոլոր կազմակերպություններից։
«Ամբողջ աշխարհի աչքի առաջ Ռուսաստանը Ուկրաինայի բռնազավթված տարածքներում այսպես կոչված «հանրաքվեներ» է անցկացնում։ Ինչո՞ւ։ Նպատակն այդ տարածքների բռնակցումն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հավելել է՝ Ռուսաստանի գործողությունները չեն ստիպի Կիեւին փոխել իր մարտավարությունը:
Մի շարք կառույցներ եւ երկրներ, ներառյալ ԵՄ-ի ներկայացուցիչներ, հանդես են եկել դատապարտող հայտարարություններով՝ հայտարարելով, որ չեն ճանաչում Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում եւ Զապորոժիեում անցկացված հանրաքվեների արդյունքները:
Մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ հանրաքվեները չեն կարող համարվել այդ տարածքների ժողովրդի կամքի անկեղծ արտահայտում:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները՝ դրանք համարելով Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում:
Դատապարտող գնահատականներով հանդես են եկել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաեւ Ճապոնիայի Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալը եւ Ուկրաինայում Իսրայելի դեսպանը։ Նրանք հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ հանրաքվեները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ միջազգային իրավունքը: