Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ամերիկյան իշխանությունները 86 միլիոն դոլար են հատկացրել 1200 անօրինական միգրանտներին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ Տեխաս եւ Արիզոնա նահանգների հյուրանոցներում տեղավորելու համար։
Անցյալ տարի ԱՄՆ իշխանությունները նույն հյուրանոցներում էին տեղավորել անչափահաս միգրատներին, որոնց ծնողները չէին ուղեկցում։
Axios պորտալը հայտնում է, որ միջոցները տրամադրվել են Տեխասում տեղակայված ընկերություններից մեկի հետ գործարքի շրջանակներում՝ գործարքը կես տարով երկարացնելու հնարավորությամբ։
Կառավարության այս քայլը, ըստ Axios պորտալի, վկայում է նրա մասին, որ պետական հաստատություններն արդեն գլուխ չեն հանում հարավային սահմաններից եկող միգրանտների հոսքից։
Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ սահմանային պարեկության ազգային խորհրդի (սահմանային ծառայության աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիություն) նախագահ Բրենդոն Ջադը հայտարարել է, որ ոչ մեկի կողմից չվերահսկվող անօրինական միգրատների հոսքը հանգեցրեց ճգնաժամի, սակայն Բայդենի վարչակազմը համառորեն հրաժարվում է դա խոստովանել։
Սպիտակ տանը հայտարարել են, որ ներկայում ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների ապաստաններում կացարան է տրամադրվել 9 562 անչափահաս միգրատների, որոնց ծնողները չեն ուղեկցում։ Եվս 4700 փոքր տարիքի անօրինական միգրատների տեղավորել են սահմանային ծառայության փաստացի ժամանակավոր կալանքի տեղամասերում, որտեղ օրենքն արգելում է մարդկանց 2-3 օրից ավելի պահել։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասը զգուշացրել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի Լատինական Ամերիկայի երկրներից անօրինական միգրանտների՝ վերջին 20 տարում ռեկորդային թվով ժամանմանը։