Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը սեպտեմբերի 28-ին եղել է Գորիսում եւ Ջերմուկում։ Դեսպանատնից հայտնել են, որ Սերգեյ Կոպիրկինին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր են ուղեկցել դեսպանությանն առընթեր ռազմական եւ ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը եւ Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը։
Ռուս դիվանագետը հանդիպել է տեղում հայկական զորամիավորումների հրամանատարների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, սեպտեմբերի 13-14-ի կրակոցների ժամանակ սահմանամերձ համայնքների կրած վնասներին։
Դեսպան Կոպիրկինը նաեւ ռուսական 102-րդ բազայի Գորիսում տեղակայված զորամիավորում է այցելել, իսկ Սիսիանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավիացիոն խմբին։
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ սեպտեմբերի 13-14-ը գնդակոծության հետեւանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,– ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին էլ Սյունիք էր այցելել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին եւ հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին եւ ցավակցել նրանց ընտանիքներին՝ փաստելով, որ, ցավոք, երիտասարդ տղաների կյանքեր խլեց նաեւ վերջին օրերի պատերազմը։
ԱՄՆ-ը դեսպանն ասել է, որ այս հակամարտությունը Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է: «Ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»,- շեշտել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսին։