ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ընդհանուր առմամբ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից մոտ 60-ը` ամբողջությամբ։
Ընդհանուր առմամբ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաեւ շտապօգնության 2 մեքենա։ Հակառակորդի վերջին գործողությունների պատճառով խաղաղ բնակչության շրջանում կան 6 վիրավոր, 4 զոհ, եւ 1 անձի գտնվելու վայրն անհայտ է: Զոհերից մեկը, վիրավորներից 4-ը, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, եւ անհայտ կորած 1 քաղաքացին Գեղարքունիքի մարզից են:
Ներքին Շորժայում անջատվել են հեռախոսային եւ ինտերնետ կապերը, որոնք այժմ վերականգնվել են։ Սիսիան համայնքի 8, Կապան համայնքի 3, Տեղ համայնքի 1 եւ Վարդենիս համայնքի 2 բնակավայրում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը եւ Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։
Ռազմական գործողությունների հետեւանքով Սոթքում, Կութում եւ Ջերմուկում վնասվել են նաեւ վարչական շենքեր եւ ենթակառուցվածքներ: Սիսիան համայնքում արկի հարվածից վնասվել են Նորավան–Աղիտու բնակավայրերը կապող ճանապարհը, Վարդենիսում Չարենցի փողոցը: Ջերմուկ համայնքում վնասվել են 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի եւ Տեղ համայնքի հանդիսության սրահը։ Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցվել։
Վերին Շորժա բնակավայրում հրդեհվել է 5 բնակչի 40 հա խոտհարք, 10 հա գարու եւ 70 հա ցորենի տարածքներ։ Սոթք բնակավայրում վնասվել է վարչական շենքը, դպրոցի պատուհանները եւ մասնակի տանիքը։ Այստեղ մասնակի վնասվել է մոտ 120 բնակելի տուն։ Կութում վնասվել են գյուղապետարանի շենքը, բուժկետը, 2 բնակչի օժանդակ կառույցը, 1 ավտոմեքենա եւ 2 անասնագոմ։ Այրքում էլ վնասվել են դպրոցի պատուհանները։
Լուսակունք բնակավայրում ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ են 190 մեղվաընտանիք, վագոն տնակ եւ 2 գյուղտեխնիկա։