ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին, Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի դրանց ղեկավարների հետ։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպումներն ու պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենան Մոսկվայի Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում: Համաձայնագրերը կստորագրվեն բոլոր չորս տարածքների հետ, որտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Արարողությունից հետո Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով։
Այսպես կոչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: Դոնբասում, Զապորոժիեում եւ Խերսոնում ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների արդյունքներից հետո հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ԵՄ երկրներին առաջարկելով պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ:
Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղի ունեցած քվեարկությունը Եվրահանձնաժողովը «կեղծ հանրաքվե» է որակել, հավատացրել՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի դրանց արդյունքները:
Պատժամիջոցների արդեն 8-րդ փաթեթը կներառի ռուսական ապրանքների ներմուծման եւ Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներ: