Der Tagesspiegel պարբերականը, վկայակոչելով գերմանական դաշնային կառավարության մերձ շրջանակի իր աղբյուրները, հայտնել է, թե Գերմանիայի Անվտանգության ծառայությունում համարում են, որ «Հյուսիսային հոսք» գազամուղի երեք ճյուղերը եւ «Հյուսիսային հոսք 2» գազամուղը, որոնք տուժել են ենթադրյալ դիվերսիայից, այնպիսի լուրջ վնասվածք են ստացել, որ այլեւս պիտանի չեն շահագործման համար։ Եթե դրանք արագ չվերանորոգվեն, խողովակների մեջ մեծ քանակությամբ աղի ջուր կհայտնվի, որը կոռոզիա կառաջացնի։
Գերմանիայի անվտանգության մարմիններն ու դաշնային հետախուզական ծառայությունը՝ BND-ն, համաձայն են Եվրահանձնաժողովի պնդման հետ, որ դիվերսիոն գործողություն է տեղի ունեցել։ Գերմանական դաշնային հետախուզական ծառայությունը ստանձնել է դեպքի հետաքննությունը եւ ուսումնասիրում է նաեւ արբանյակային լուսանկարները՝ հասկանալու համար, թե ինչ տեղաշարժ է եղել այդ տարածքում նախքան ենթադրյալ դիվերսիան։
Ըստ Der Tagesspiegel-ի՝ խողովակաշարերի վնասվածքներն այնքան մեծ են ու զգալի, որ հաստատում են կանխամտածված պայթեցումների պնդումը։ Բացի դրանից՝ խողովակաշարերում ճնշումը շատ արագ է ընկել, եւ կարելի է ենթադրել, որ «Հյուսիսային հոսքի» երեք ճյուղերի եւ «Հյուսիսային հոսք 2»-ի վրա պայթուցիկներ են ամրացվել, որոնք պայթեցվել են։
Գերմանական կողմը որպես առաջին քայլ որոշել է իր տարածքային ջրերում ուժեղացնել ոստիկանական հսկողությունը։ Նավերը մանրակրկիտ հսկողության տակ կլինեն։ Կուժեղացվի նաեւ Հյուսիսային եւ Բալթիկ ծովերի ափամերձ շրջանների ոստիկանական հսկողությունը։ Հատուկ ուշադրություն կդարձվի կառուցվող տերմինալներին, որոնք նախատեսված են լինելու հեղուկ գազի ընդունման համար։ Ուշադրություն է դարձվելու նաեւ ստորջրյա հեռահաղորդակցության կապուղիներին։
Նշված գազամուղների վրա ենթադրյալ դիվերսիայի կամ արտակարգ պատահարի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 26-ին։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ նշել, որ դեռեւս հայտնի չէ, թե խողովակաշարերը որքան ժամանակում կվերականգնվեն:
Պատրաստեց Արման Գրիգորյանը