Ռուսաստանի կառավարության գործարկած Объясняем.рф կայքը, որտեղ քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրվում, հայտնել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայել են այլ երկրի բանակում, սակայն ՌԴ զինված ուժերի պահեստազորում են եւ ունեն ռազմական հաշվառման մասնագիտություն, հնարավոր է ընդգրկվեն ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքում:
Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտի (ISW) հրապարակած գնահատականներով առաջիկա ամիսներին այդ զորահավաքը հազիվ թե անդրադառնա ռազմական գործողությունների վրա եւ առավել եւս ի վիճակի լինի փոխելու դրանց ընթացքը: Ըստ կազմակերպության փորձագետների՝ ժամանակին պարտադիր զինծառայություն անցած պահեստի զինապարտներն առաջիկա ամիսներին էական մարտական ուժ չեն կարողանա ապահովել ՌԴ զինված ուժերում: Դա ընդամենը կօգնի 2023-ին պահպանելու ռուսաստանյան զինված ուժերի ներկա մակարդակը՝ հաշվի առնելով ռուսական բանակի կորուստները: