Ըստ alarabiya.net-ի՝ Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ տարիներ կպահանջվեն, որպեսզի էներգիայի արտադրությունը դիվերսիֆիկացվի եւ դուրս գա Ռուսաստանից կախվածությունից, ինչը մեծացնում է ստագֆլյացիայի կամ բարձր գնաճի եւ ցածր աճի ռիսկերը։
Սթենֆորդի համալսարանում իր ելույթում Մալփասն ասել է, որ Եվրոպայում մեծանում է տնտեսական անկման հավանականությունը, միաժամանակ կտրուկ դանդաղում են Չինաստանի տնտեսական աճի տեմպերը, իսկ ԱՄՆ-ում էլ առաջին կիսամյակում կրճատվել են արտադրական ծավալները։
Այս ամենը, ըստ ՀԲ նախագահի, ունենալու է լրջագույն հետեւանքներ հատկապես զարգացող երկրների վրա, եւ ներկա «տնտեսական փոթորիկը» հաղթահարելու համար անհրաժեշտ կլինեն նոր մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական մոտեցումներ, դրանց թվում՝ ավելի նպատակային ծախսերի իրականացում, պահանջարկի ավելացմանը միտված ավելի հստակ եւ թիրախային գործողություններ։
Համաշխարհային բանկի ղեկավարը նշել է, որ աշխարհում աղքատության կրճատմանը միտված ջանքերը դանդաղել են, եւ այժմ դեռ 70 միլիոն մարդ ծայրահեղ աղքատ է։
«Զարգացող աշխարհը բախվել է մի շարք արտակարգ եւ բարդ կարճաժամկետ խնդիրների, ինչպիսիք են պարարտանյութերի, էներգակիրների, սննդամթերքի գնաճը, մեկնարկային տոկոսադրույքների աճը, վարկային սպրեդները, արտարժույթի արժեկզումն ու կապիտալի արտահոսքը։ Զարգացող աշխարհի համար չափազանց վտանգավոր է այն, որ գլոբալ աճի կտրուկ դանդաղումը բերելու է գլոբալ անկման»,- ընդգծել է Դեւիդ Մալփասը:
Նա շեշտել է, թե դեռ հայտնի չէ՝ արդյոք բավարար քանակությամբ գլոբալ կապիտալ կգտնվի, որպեսզի ֆիսկալ քաղաքականությունն ընտրած բոլոր զարգացող երկրների պահանջմունքները հնարավոր լինի բավարարել:
Համաշխարհային բանկի նախագահը երկրներին հորդորել է սղաճի նվազեցմանը հանգեցնող ուղիներ որոնել, ինչպես նաեւ ծախսերը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի ավելի շատ միջոցներ հատկացնել հասարակության խոցելի խմբերին։
Մալփասն ընդգծել է, որ պետք է ավելացնել կրթության եւ առողջապահության ֆինանսավորումը՝ այն հարմարեցնելով կլիմայի փոփոխություններին, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել զարգացող երկրների ահռելի պարտքերը նվազեցնելու նպատակով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը