Երբ երկիրդ պատերազմի մեջ է, երբ սահմանային բախումներում նոր զոհեր են լինում, երբ համարյա ամբողջ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է այդ իրադարձությունների վրա, նույն հասարակության համար մնացած բոլոր խնդիրները երկրորդ պլան են մղվում։
Եվ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն են, որ իշխանությունն ատամներով պահելու ու հնարավորինս երկարացնելու քայլեր են անում։
Իրականում որեւէ քաղաքական ուժի (թեպետ ՔՊ-ի դեպքում «քաղաքական ուժ» բառակապակցությունն օգտագործելը զավեշտալի է) իշխանության ձգտելու կամ իշխանությունը պահելու ցանկության մեջ որեւէ բացասական բան չկա։ Սակայն իշխանությունը պահելու համար պիտի անել առնվազն երեք բան. ապահովել երկրի անվտանգությունը, տնտեսության կայուն զարգացումը եւ, ըստ այդմ, մարդկանց բարեկեցության բարձրացումը։ Մարդիկ էլ, տեսնելով առաջընթացը, նորից քվե կտան։
Արդ, երբ այս ամենը չկա, երբ երկրիդ սահմաններում պատերազմ է, իսկ թշնամին արդեն կրակում եւ սպանում է հենց մեր տարածքից, երբ տնտեսական աճը միայն փաշինյանական նախարարների խրոխտ հաշվետվություններում է, իսկ մարդիկ էլ բարեկեցության բարձրացում չեն զգում, գործողներն իշխանությունը փորձում են երկարաձգել՝ իրենց ենթարկելով ամեն ինչ, որ հետո «հաղթեն» ընտրություններում։
Իսկ այս հիրավի պատերազմական իրավիճակում հասարակությունն այդ քայլերին համարյա ուշադրություն չի դարձնում։
Նախ առանձնապես չքննարկվեց գլխավոր դատախազի պաշտոնում նշանակումը մի տիկնոջ, որը նախկինում ոչնչով աչքի չի ընկել՝ բացի նրանից, որ 7 ամիս արդարադատության նախարարի տեղակալ է եղել, իսկ վերջին երկու տարում՝ Փաշինյանի օգնականը։ Բայց նրա կենսագրությունն իրեն նշանակողների (չասեք՝ ԱԺ-ն է ընտրել, բոլորս էլ գիտենք, որ նշանակել է Փաշինյանը, իսկ ԱԺ-ի լուռ մեծամասնությունը ընդամենը «ընտրություն-ընտրություն» է խաղացել) գլխին տված։ Բանն այն է, որ նրա նշանակումից հետո դատախազությունում իսկական կադրային ջարդ է. տեղակալ ու վարչության պետ է, որ հրաժարական են տալիս։ Սա միայն ու միայն մի բան է նշանակում. գուցե եւ հին, սակայն արհեստավարժ կադրերի փոխարեն համակարգը համալրելու են յուրային, այսինքն՝ ՔՊ-ին եւ անձամբ Փաշինյանին հավատարիմ անձինք։ Իսկ թե ինչպիսի անդեմ կարող են լինել միայն հավատարմությամբ առաջ գնացողները, պատկերացնել կարելի է ԱԺ ՔՊ խմբակցության եւ կառավարության կազմին նայելով։
Երկրորդ կադրային իրադարձությունը։ ՔՊ-ն (իմա՝ Փաշինյանը) պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գործուղելու, ուշադրությո՛ւն, արդարադատության նախարարին եւ փոխնախարարին՝ Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։
Մինչ այդ հարցի պատասխանը՝ մեջբերում ՀՀ Սահմանադրությունից.
Հոդված 173. Բարձրագույն դատական խորհուրդը
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Կարո՞ ղ է անկախ լինել մի մարմին, որը, ենթադրաբար, ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանի նկարին նայելով «ազնվացող» անձնավորությունը։
Հիմա՝ «ինչո՞ւ» հարցիս պատասխանը. որովհետեւ ԲԴԽ-ի առաջնային նպատակը, ըստ գործող իշխանության, պետք է դառնա Փաշինյանի կամքին չենթարկվող դատավորներին պատժելն ու փաշինյանական գրպանային դատարաններ ստեղծելը։ Իսկ այդ գործը, բնականաբար, լավագույնս կանի հենց հիշյալ անձնավորությունը. Փաշինյանի նկարը կկախի գլխավերեւում եւ ազնվացած-ազնվացած կանի իր «սեւ գործը»։ Դե, նրան էլ «կցել են» իր իսկ տեղակալին, ենթադրաբար՝ հավատարիմ մեկին։
Եվ այս նշանակումներով, հակառակ Սահմանադրության պահանջի, ԲԴԽ-ն ոչ թե ապահովելու է դատարանների եւ դատավորների անկախությունը, այլ, ընդհակառակը, ամեն ինչ անելու է՝ ստեղծելու համար լիովին ԲԴԽ նախագահ աշխատողից, այսինքն՝ Փաշինյանի կամքից կախյալ (առավել քան նախկինում) դատական համակարգ, որը դակելու է քաղաքական վճիռներ քրեական գործերի անվան տակ, դակելու է իշխանության համար պայքարում գործեր թխողի դերը ստանձնող դատախազության հետ։ Իսկ չենթարկվողների կամ միայն օրենքին ենթարկվողների հետ Փաշինյանի նկարից «ազնվացած» նախագահը խաղեր չի տալու, պատժելու է միանգամից։
Այսպես աշխատում են միայն նրանք, որ կարծում են՝ հավերժ են, որ մտածում են, թե իշխելու են անընդհատ։
Պատերազմ է սահմաններին, իսկ ես էս ինչե՞ր եմ գրում։ Պատերազմ է սահմաններին, եւ պարզապես այս երկու օրինակով ուզում եմ ցուցանել, որ «Փաշինյան ընդ Co» խմբակը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխելու։
Որովհետեւ բախտի եւ հանգամանքների բերմամբ իշխանության հասած, բավարար գիտելիքներ, ընդունակություններ եւ ինտելեկտ չունեցող այդ խմբակի համար իշխանության մնալը իրենց (միայն իրե՛նց) բարեկեցության միակ երաշխիքն է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։