Սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի արեւելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումը նաեւ հյուսիս-արեւելքի անդորրն է խախտել։ Սահմանամերձ Տավուշում թեեւ խուճապ չկա, բայց մարդիկ անհանգիստ են։ Ինչպե՞ս հանգիստ լինեն, հարցնում են Կոթիում, երբ երկիրը չվերջացող պատերազմի մեջ է, իրենք էլ՝ թշնամու ուղիղ դիտակետում։ Թե՛ մարտական ակտիվ գործողությունների օրերին եւ թե՛ դրանից հետո այստեղ կրակոցներ չեն հնչել։ Բայց վտանգն իրենց դեմ հանդիման է՝ Փայտասարի գլխին։
Այստեղ բոլորն են զինվոր, ասում են գյուղամիջում հավաքված տղամարդիկ․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղն իրենք են պահել, հարկ եղած դեպքում նույնը կանեն։
«Ապրում ենք, էստեղից ոչ մեկս էլ չենք գնալու։ Որ անհանգստանանք, ի՞նչ պետք ա անենք։ Փախչե՞նք ստեղից։ ։ Բա սահմանն ո՞վ պահի։ Ո՞ւր գնանք։ Ապրելու ենք ստեղ, մեռնելու ենք ստեղ»,-ասում Կոթիի բնակիչ Գագիկ Մանթաշյանը։Պատերազմից պատերազմ չլուծվող խնդիրներից անհանգստանում, իշխանությունների անտարբերությունից եւ անգործությունից էլ թեւաթափ են լինում կոթեցիները։ 44-օրյա պատերազմից երկու տարի անց երկու հարյուրից ավելի անհետ կորածներին, շուրջ ութսուն գերիներին «տուն չբերած»՝ ամբիոններից հայտնում են նոր կորուստների մասին՝ կրկին հարյուրներով։
Կոթեցիներն ասում են՝ ազգին զինել է պետք։ Սահմանին՝ կրակոցների տակ իրենց կյանքը նրանք չեն կարող փոխել։ Միշտ ու բոլոր իրավիճակներում առաջին բանը, որ պետք է անեն, ինքնապաշտպանությունն է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։