ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը «արտատարածքային միջանցքի» ստեղծման հարց չեն քննարկում: Ըստ Օվերչուկի՝ ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ որոշեն երկրների միջեւ սահմանը հատելու ու այդ ճանապարհների երթուղիների իրավական ռեժիմը։ Կարեւորել է բանակցությունների ընթացքում մշակված սկզբունքը, որը հիմք է ծառայելու ռեժիմի հստակեցման համար:
Օվերչուկը շեշտել է, որ Ճանապարհի հսկողությունն իրականացնելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը։ «Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա այն հայկական է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական»,-ընդգծել է նա։
Միեւնույն ժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին հաշվի կառնվի Ադրբեջանի հետ պետական սահմանը հատելու վերաբերյալ հարցը լուծելիս։ Նա նշել է, որ բոլոր պայմանավորվածությունները կառուցվում են նաեւ այս գործոնը հաշվի առնելով։
«Ընդ որում` ձգտում ենք առավելագույնս ներգրավել տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք հեշտացնում են մարդկանց եւ բեռների սահմանահատումը հաճախորդի տեսանկյունից», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
ՌԴ նախարարների կաբինետի փոխնախագահը համոզված է, որ Հայաստանին այսօր մեկ քայլ է բաժանում տնտեսական աճը զսպող տրանսպորտային շրջափակման չեղարկումից։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի կարգավորման վրա։