Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան ալիքով իր հերթական տեսաուղերձում ռուսերենով դիմել է Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին՝ նրանց հորդորելով պայքարելու քաղաքացիներին Ուկրաինայի դեմ պատերազմի տանող ՌԴ իշխանության դեմ:
Զելենսկին նշել է, որ դաղստանցիները, չեչենները, ինգուշները, օսերը, չերքեզները եւ 200-ի հասնող ազգերն ու ազգություններ, որոնք հայտնվել են ռուսական դրոշի ներքո, չպետք է զոհվեն Ռուսաստանի սանձազերծած ստոր ու խայտառակ պատերազմում: «Դուք դիտեք՝ ով է ձեզ ուղարկում կռվելու Ուկրաինայի դեմ: Նա, ով ձեզ ուղարկում է պատերազմի, ձգտում է ձեզ «բեռ 200»-ի վերածել»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
«Իսկ դո՞ւք ինչ եք կամենում: Վստահ եմ՝ դուք ուզում եք ապրել: Վստահ եմ՝ հոգնել եք կեղծիքից: Վստահ եմ՝ գիտեք, որ պայքարել է պետք հենց հիմա: Տեսնում ենք՝ դուք դիմադրում եք հանցավոր զորահավաքին, որով ռուսական իշխանությունները ձգտում են քողարկել իրենց կանոնավոր բանակի ձախողումն ու իրենց հանցավոր հրամանները: Պայքարեք, որպեսզի չզոհվեք»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին հորդորել է իրենց ազատությունը պաշտպանելու համար դուրս գալ փողոցներ ու հրապարակներ, որպեսզի հետո ստիպված չլինեն կռվել լեռներում ու անտառներում՝ ապրելու իրավունք ձեռք բերելու համար:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքից հետո արդեն իսկ 100 հազար մարդ է զորակոչվել բանակ: