ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը Վարդենիսում օտարերկրյա դիվանագետներին հայտնել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան 3-րդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակավայրերի դեմ: Նա հակադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումներին՝ իբր վերջին գործողությամբ ստիպված նախահարձակ են եղել՝ կասեցնելու հայկական զինուժի երեւակայական գործողությունները:
«Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈւ կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել եւ չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-շեշտել է Մարտիկյանը: Գեներալը հավելել է, որ ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին խիտ բնակեցված բնակավայրերի դեմ: Ադրբեջանական ուժերն իրենց ներկայությամբ հոգեպես եւ բարոյապես ճնշելով մոտակա գյուղերի բնակիչներին՝ փորձում են նրանց ստիպել լքել իրենց տարածքները:
ԶՈՒ ԳՇ շտաբի պետի տեղակալը նշել է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի հետեւանքով հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարեւոր չեն մարտավարական, բայց կարեւոր են ռազմավարական տեսանկյունից: Բանն այն է, որ դրանք անմիջականորեն կախված են ՀՀ բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել Հայաստանի ճանապարհների, երթուղիների վրա: Գեներալը նշել է, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:
Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալկը հայտնել է, որ իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով ներկայում համեմատաբար հանգիստ է: Սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում տեղի ունեցած կրակի ռեժիմի խոշոր խախտման ժամանակ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Հրթիռակոծվել են նաեւ Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը: Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։