Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին:
«Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի եւ 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել: Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու»,- նշել է դիվանագետը:
Ֆրանսիայի դեսպանը Գեղարքունիք կատարած այցի ընթացքում հայտնել է, որ Ֆրանսիան աշխատում է, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեմային` ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ Փարիզն աջակցում է այդ գաղափարին, , բանակցում այլ երկրների հետ:
«Իրավիճակն այստեղ իրոք լուրջ է, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն աշխատում են մյուս երկրներին ակտիվացնելու ուղղությամբ: Հատկապես մենք լուռ չենք, հայտարարել ենք՝ ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»,- շեշտել է դեսպան Անն Լույոն։