Ջրի համաշխարհային օրը նշվում է 1993 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Այն նշելու գաղափարն առաջ է եկել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ զարգացման համաժողովում (Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո), որ հայտնի է նաեւ «Երկրի գագաթաժողով» անվամբ, քանի որ այդ ժամանակ ընդունվել է «Երկրի հրովարտակը»:
Ջրի համաշխարհային օրվա նպատակը ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա հանրության ուշադրությունը սեւեռելն է, եւս մեկ անգամ ջրային համակարգերին սպառնացող խնդիրների մասին բարձրաձայնելը ու բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ձեռնարկմանը նպաստելը: Այսինքն՝ օրը միտված է ջրի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործողություններին: Միջոցառումների շրջանակներում ուշադրությունը կենտրոնացվում է Կայուն զարգացման 6-րդ նպատակին (մինչեւ 2030 թվականը՝ ջուր եւ սանիտարական պայմաններ բոլորի համար) հասնելուն ուղղված ջանքերին:
Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որի գրեթե կեսը կապրի ջրի հարատեւ կարիքի մեջ: Այսօր արդեն աշխարհում ավելի քան 2 մլրդ մարդու հասանելի չէ մաքուր ու անվտանգ ջուրը: Տնտեսական զարգացման եւ աշխարհի բնակչության թվի աճին զուգահեռ մեծանում է ջրի պահանջարկը նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում:
Այսինքն՝ ոչ հեռու ապագայում ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:
Ջուրը հսկայական եւ բազմակողմանի արժեք ունի մեր կենցաղի, մշակույթի, առողջության, կրթության, տնտեսության եւ բնական միջավայրի ամբողջականության համար: Պատահական չէ, որ ՄԱԿ-ն ունի առանձին կառույց՝ «ՄԱԿ-Ջուր»:
Օրվա այս տարվա կարգախոսն է «Արժեւորել ջուրը»: Թե ինչպես ենք մենք այն արժեւորում, երեւում է կառավարման եւ բաշխման մեր գործողություններից: 2021-ի քարոզարշավը յուրաքանչյուրից ակնկալում է արձագանք, թե ինչպես է նա արժեւորում ջուրը եւ արդյունավետորեն պահպանում այն բոլորի համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։