ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ այսպես կոչված ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեները Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ անընդունելի են, իսկ տարածաշրջանների միացումը Ռուսաստանին չի համապատասխանում միջազգային իրավունքին։
Գլխավոր քարտուղարի հայտարարությունը քննադատել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը: Ըստ ռուսական կողմի, Գլխավոր ասամբլեայում հանրաքվեների թեման քննարկելուց առաջ Գուտերեշի հայտարարությունը կարող է ազդել ՄԱԿ-ի երկրների դիրքորոշման վրա:
«Վարչական գործառույթները գլխավոր քարտուղարին իրավունք չեն տալիս ՄԱԿ-ի անունից հանդես գալու քաղաքական հայտարարություններով, քանի որ այն պատկանում է նրա անդամ պետություններին, էլ չենք խոսում Գլխավոր ասամբլեայի կանոնադրության նորմերի եւ փաստաթղթերի միանձնյա մեկնաբանության մասին»,- նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
ԱՄՆ-ն ու Ալբանիան հաջորդ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կներկայացնեն հանրաքվեները դատապարտող բանաձեւի նախագիծը։ Ռուսաստանը, թերեւս, հասկանալի պատճառներով, վետո կդնի նախագծի վրա։ Այնուհետեւ, ըստ կանոնակարգի, հարցը կտեղափոխվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։