Ֆրանսիայում սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերն ու հրաժարվել կառավարության կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման նախագծից։
«Մենք չենք ուզում բանակցություններ վարել կենսաթոշակային տարիքի մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGT) ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը։ Նա շեշտել է, որ ֆրանսիացիները չեն ուզում ավելի ուշ թոշակի անցնել։ CGT-ն կոչ էր արել համազգային գործադուլ սկսելու։
Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի ունեցած 200-ից ավելի բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից էլ հայտարարել են, որ 179 բողոքի ցույցի մասնակցել է 118500 մարդ։
Միայն մայրաքաղաք Փարիզում բողոքի է դուրս եկել մոտ 40 հազար մարդ։ Սակայն ոստիկանությունը նշում է, որ ցուցարարների թիվը եղել է 13500։ Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտնել է, որ գործադուլներին մասնակցել է մանկավարժների 11 տոկոսը։
Երկրի ներսում, ըստ AFP-ի, երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակվել է։ Որոշ մերձքաղաքային գնացքներ եւ ավտոբուսներ սովորականից քիչ են դուրս եկել երթուղի։
Բողոքի ցույցերին աջակցել են ֆրանսիական ձախ քաղաքական ճամբարի քաղաքական գործիչները։ Մարսելում ցույցերին մասնակցել է նախագահի նախկին թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը։
Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կենսաթոշակային բարեփոխումների հարցի առնչությամբ խորհրդակցությունների ժամկետը երկարաձգվում է։ Բարեփոխումների օգտին բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նոր օրենքը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ամառվանից։ Նախատեսվում է, որ աստիճանական կարգով բարձրացվի կենսաթոշակային տարիքային շեմն այնպես, որ 2031 թվականին թոշակի անցնեն 65 տարեկանից։ Ներկայում Ֆրանսիայում կենսաթոշակի գնում են 62 տարեկանից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը