ՌԴ Հանրային կարծիքի հիմնադրամի իրականարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին մեկ շաբաթում Ռուսաստանի բնակիչների տագնապային տրամադրությունները զգալիորեն աճել են:
Հարցվածների 35 տոկոսը տրամադրության մասին հարցին սեպտեմբերի 18-ին պատասխանել է՝ «տագնապային» կամ «անհանգիստ»։ Սեպտեմբերի 25-ին «տագնապային» տրամադրություններ ունեցողների տոկոսային հարաբերությունը դարձել է 69 տոկոս։
Հանգիստ տրամադրություն սեպտեմբերի 18-ին ունեցել է հարցվածների 57 տոկոսը, իսկ սեպտեմբերի 25-ին հանգիստ տրամադրություն ունեցել է հարցվածների 26 տոկոսը։
Ուշագրավ է, որ Ռուսաստանի իշխանությունների գործողությունների հանդեպ հարցվածների 64 տոկոսը սեպտեմբերի 25-ին պատասխանել է, որ դժգոհություն չունի, կամ իշխանությունների հանդեպ զայրացած չէ։ Իշխանությունների հանդեպ դժգոհություն, նրանց գործողությունների հանդեպ զայրույթ ունի հարցվածների 29 տոկոսը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը սեպտեմբերի 25-ին դրական է գնահատել հարցվածների 75 տոկոսը։ Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշն 80 տոկոս էր։
«Լեւադա» կենտրոնն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի քսանմեկին Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի մասին Պուտինի հրամանագրի մասին իմանալով, սեպտեմբերի 29-ի դրությամբ հարցվածների 47 տոկոսը զգացել է սարսափ, վախ եւ տագնապ։ 23 տոկոսը հայտարարել է, որ ցնցվել է այդ լուրից: 23 տոկոսը հայտարարել է, որ դրա մասին իմանալով՝ Ռուսաստանի հանդեպ հպարտությամբ է տոգորվել։ Ոգեւորություն, ուրախություն եւ գոհունակություն զգացել է հարցվածների 6 տոկոսը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը