Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ 80 տարի անց Գուստավ Կլիմտի բնանկարը կվերադարձվի կտավի օրինական տիրոջը՝ հրեա ընտանիքին, որից այն նացիստները խլել էին Ավստրիայում 1938-ին:
1905-ին ավստրիացի սիմվոլիստ-նկարչի ստեղծած «Վարդի թփեր՝ ծառերի տակ» կտավն արդեն մի քանի տասնամյակ ցուցադրված է Փարիզի Օրսե թանգարանում: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետական հավաքածուներից նման մեծ կտավի վերադարձը վկայում է կողոպտված ընտանիքներին վնասը փոխհատուցելու եւ արդարությանը հավատարիմ մնալու Ֆրանսիայի տրամադրվածությունը»:
Կտավը կվերադարձվի Նորա Ստյասնյային, որին 1938-ին նացիստները զրկել էին սեփականությունից:
Բաչելոն նշել է, որ Ֆրանսիայի իշխանություններն ի սկզբանե տեղյակ չեն եղել հանգամանքներից, եւ կտավի ծագման մասին իմացել են վերջերս անկացված հետաքննության ընթացքում:
Նախարարը ասել է նաեւ, որ սա Գուստավ Կլիմտի Ֆրանսիային պատկանող միակ կտավն էր:
Եվրոպայում նացիստների կողոպուտի առարկա դարձած հազարավոր արվեստի նմուշներ 1945-ին Գերմանիայի ջախջախիչ պարտությունից հետո հայտնվել են Ֆրանսիայի թանգարաններում: Թեեւ նմուշներից շատերը վերադարձվել են տերերին, Ֆրանսիայի իշխանությունները կրկնապատկել են արվեստի գործերի օրինական տերերին հայտնաբերելու ջանքերը: