«Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի վրա աշխատելիս հարկ եղավ վերընթերցել նաեւ 5-րդ դարի պատմագրությունը։ Մի քանի անակնկալներից առավել տպավորվել է սա․ Ձիրավի ճակատամարտի մասին Խորենացին ասում է, թե Բագրատունի թագադիր ասպետը, երկյուղ ունենալով, որ Ներսես Մեծ կաթողիկոսը կբարեխոսի, եւ մահվան չեն դատապարտի Մերուժան Արծրունուն, նրան սպանելու որոշում է ընդունում։ Ազգային-ավանդական ընկալմամբ՝ Մերուժան Արծրունին ոչ այնքան հայրենիքին, որքան հայ եկեղեցուն դավաճանելու, քրիստոնեությունից զրադաշտության անցնելու համար է մերժված։
Տասնյակ սերունդներ կարդացել են Րաֆֆու «Սամվել» վեպի «Ուրացողը յուր տան շեմին» հատվածը եւ տպավորվել, թե ինչպես է մայրը որդու առջեւ գոցում իշխանական դղյակի դարպասները։ Հայության քրիստոնյա բոլոր սերունդները Ներսես Մեծին գիտեն որպես խստակյաց, անաձնական հովվապետի, որի համար գերագույն արժեք է քրիստոնեական համերաշխությունը։ Իսկ Խորենացին, ահա, ակնարկում է, թե նա կարող էր միջնորդել, որ Պապ թագավորը Մերուժան Արծրունուն մահվան չդատապարտի, եւ Բագրատունի ասպետը, որ իշխանի պատժելու իրավունք չուներ, ինքն է անձամբ սպանել ուրացողին։
Ինչո՞ւ էր Արշակ թագավորից ապստամբել Մերուժան Արծրունին, պատմաբանի պարզելու խնդիր է։ Այս պահին հետաքրքիր է մի հարց․ իսկ Ներսես Մեծ կաթողիկոսը ինչո՞ւ պիտի միջնորդեր, որ նրան մահապատժի չենթարկեն, եթե Մերուժան Արծրունին առաջին հերթին Հայոց եկեղեցու թշնամին էր։
Պատմի՞չն է վերագրում արել, թե՞ նախարարական ապստամբության թիկունքին իրականում Ներսես Մեծն էր կանգնած, մենք հազիվ թե կարողանանք պարզել կամ գոնե մոտավոր ճշտության վարկած բերել։ Բայց այս եւ բազմաթիվ այլ «զուգահեռ դրվագների» գոյությունը չի՞ նշանակում, որ մենք «միջինացված» մեր պատմությունը հիմնավորապես գերագնահատում ենք, այդ «փաստական հիմքով» ստեղծված գեղարվեստական արժեքները՝ նույնպես։
Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին կամ հաջորդ մի օր, ստույգ չեմ հիշում, Նիկոլ Փաշինյանը պատերազմը համարեց «նոր Սարդարապատ», զգացողությունը շա՜տ չարագուշակ էր։ Ունենալ կանոնավոր բանակ, Երեւանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ռազմաճակատի գիծ, լինել միջազգային հանրության լիիրավ անդամ եւ հիշել Սարդարապա՞տը․․․ Սա ինքնության չճանաչության աղե՞տ է։ (Դավադրապաշտությունից ձեռնպահ եմ մնում)։ Մի քանի օր առաջ Regnum-ը Դոնբասի պատերազմի մարտակոչին «իլյուստրատիվ աջակցություն» էր արել՝ հրապարակելով «Մայր Հայրենիքն է կանչում»՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պլակատը։ Սարդարապատի փաշինյանական ոգեկոչման ռուսական արտապատկերո՞ւմ է։
Հայաստանը գնում է «նոր Սարդարապատի՞»։ Ասում են․ «Այո՛, Փաշինյանն է ձախողել, եկե՛ք բռունցքվենք եւ հաղթենք»։ Իսկ մենք ունե՞նք հարյուր չորս տարվա վաղեմության Սարդարապատի խորքային, միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի հետ փոխկապակցվածության կամ ունիկալության հիմնավոր ընկալում՝ խնդիրը, երեւի, սա է։
Սարդարապատը լուծել է Հայոց պետականության իրավունքի հարցը (եթե ընդունենք, որ Երեւանից ոչ ավելի, քան տասը-տասնհինգ կիլոմետր հեռավորության վրա ճակատն, իրոք, անկախության ռազմական պատվարն է)։ Հայաստանն այսօր ինքնիշխան պետություն է։ Ուրեմն ի՞նչ խնդիր պիտի լուծի «նոր Սարդարապատը»․․․ Սա «զուգահեռ պատմությա՞ն», թե՞ իրականության «անեծք» է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։