Փաշինյանն արդարացրեց մինչեւ հեղափոխությունը ՀՀ բնակչության խայտառակ ցածր աշխատավարձը: Նա ընդունեց, որ այն ցածր է ոչ թե որ նախորդ իշխանությունները կերել են այդ փողը, կամ որ բյուջեն վաղուց արդեն կարող էր լինել արժանապատիվ, բայց չդարձավ, որովհետեւ Քոչարյանը մեկ ամսում հարստանում էր ավելի արագ, քան տիեզերական արբանյակներն են լքում Արեգակնային համակարգությունը:
Մարդիկ 75 հազար դրամ աշխատավարձ են ստացել, որովհետեւ կրթություն չունեին: ՔՊ-ականների մեծ մասը մինչեւ հեղափոխությունը երեւի 75 հազար դրամ միանվագ չի էլ տեսել: Եվ ի՞նչ: Մտածենք, որ Հայաստանում իշխանությունը կատարյալ անգրագետնե՞րն են վերցրել: Ես հասկանում եմ, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը: Բայց դա նա կարող էր նկատի ունենալ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Իսրայելում, Ամերիկայում, Ճապոնիայում, բայց ոչ երբեք Հայաստանում, որտեղ բյուջեն ձեւավորում էր ժողովուրդը, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, բյուջեի փողը նույնիսկ բանակ չէր գնում: Ու հիմա Փաշինյանն ասում է, թե եթե դու 75 հազար դրամ ես ստանում, ուրեմն կրթությունդ վատն է:
Մարդ նույնիսկ ուզում է մտածել, թե գործող վարչապետը հատուկ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ է համաձայնեցրել այս հայտարարությունը: Որովհետեւ Փաշինյանի օրոք պարզվեց, որ մարտի 1 չի եղել, Փաշինյանի օրոք պարզվեց, որ նախկինները ճիշտ էին աշխատում ազատ լրատվամիջոցների հետ՝ թաքցնելով իրենց լափածը, Փաշինյանի օրոք պարզվեց, որ եթե դու դատապարտված ես վատ իշխանություն ունենալու, կապ չունի, թե ով է իշխանության գլխին՝ Քոչարյա՞նը, թե՞ Փաշինյանը, Փաշինյանի օրոք պարզվեց, որ իշխանությունը պատկանում է ոչ թե կրթություն ստացածներին, այլ ծանոթներին, բարեկամներին: Փաշինյանի օրոք դեռ շատ բան կպարզվի:
Փաստն այն է, որ երեկ կառավարության նիստում մարդն ընդունեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բյուջե չեն կերել: Ու հիմա որեւէ կիսանկախ կամ անկախ լրագրող, որքան էլ փաստերով ապացուցի, որ կերել են, կատարյալ հիմարություն դուրս կգա: Որովհետեւ այդ լրագրողն ինչպիսի ինֆորմացիա էլ ունենա, նրա տեղեկությունները հաստատ չեն գերազանցի Փաշինյանի ունեցած տեղեկությունները: Հենց այսպես են 15-16-րդ դարերում ձեւավորվել հավատաքննիչները, որոնք առանց «Աստծո» հետ համաձայնեցնելու ինդուլգենցիաներ էին բաժանում հանցագործներին:
Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե 75 հազար դրամը վատ կրթության խորհրդանիշ է, ուրեմն այն չպետք է կոչվի նվազագույն աշխատավարձ: Որովհետեւ վիրտուոզ հավաքարարը, միեւնույնն է, ստանալու է 75 հազար դրամ: Որովհետեւ խնդիրը կրթությունը չէ, խնդիրը հավաքարարի ու բարձր տեխնոլոգիաների մասնագետի աշխատանքի հանդեպ ընկալումն է: Փաշինյանը հաստատ չի ասի, չէ՞, որ կառավարության հավաքարարը իրենից վատ կրթություն է ստացել, որովհետեւ եթե իրենից լավ կրթություն ստացած լիներ, կառավարությունը հիմա կեղտի ու զիբիլի մեջ կկորչեր, թեպետ այնպես չէ, որ եթե նույնիսկ կառավարության կահ-կարասու վրա փոշի չկա, կեղտն ու զիբիլը չեն մնացել տեղում: Ըստ իս, եթե կրթություն չստացածը մտածում է առանց խոսելու, Փաշինյանը դատապարտված է խոսելուց առաջ մտածել մի քանի վայրկյան ավելի երկար:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: