Լոռու մարզի հյուրընկալության ոլորտը հաջորդ տարի կհամալրվի երեսուն նոր աշխատակիցներով։ Նրանք մարզի խոցելի խմբերի կանայք են, որ իրենց աշխատանքային հմտություններն են կատարելագործում «Հայաստանի մանուկներ» բարեգործական եւ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամների աջակցությամբ։
Կանանց աշխատանքային հմտությունների զարգացման, ապա նրանց աշխատանքի տեղավորման այս նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին եւ կավարտվի 2023-ի փետրվարի 28-ին։
Տասնութ եւ բարձր տարիքի երեսուն կանայք աշխատանքի որակի բարձրացման նպատակով ինտենսիվ դասընթացների կմասնակցեն խոհարարական արվեստի, ռեստորանային կառավարման եւ սպասարկման ոլորտներում։ Այնուհետեւ Լոռու մարզի կին սեփականատեր կամ տնօրեն ունեցող յոթ հաստատություններ (Դեբեդ Լայֆ, Չամիչ, Անգար, Կաղնի, Թեժ Լեռ, Թումանյան զարգացման հիմնադրամ, ինչպես նաեւ ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոց եւ համաժողովների կենտրոն) աշխատանքի կընդունեն վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած վեց խոհարարի, ռեստորանի վեց մենեջերի եւ տասնութ մատուցողի:
Ըստ նախագիծն իրականացնողների՝ այն խթանում է գենդերային հավասարությունն ու նպաստում կանանց տնտեսական հզորացմանը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով Հայաստանը կանանց գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող հետխորհրդային երկիրն է, որտեղ գործազուրկ հասարակության 60%-ը կանայք են:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Լոռին ամենաշատ աղքատ տնային տնտեսություններ ունեցող մարզերից է, արտագաղթի մակարդակով էլ՝ երկրորդը հանրապետությունում։
Նախագիծն իրականացվելու է Լոռու գյուղական բնակավայրերում, որտեղ նշված խնդիրներից բացի կան գենդերային անհավասարության, գենդերային կարծրատիպների, ընտանեկան բռնության և այլ երևույթներ։
Լոռու խոցելի խմբերի կանանց աշխատանքային հմտությունների զարգացմանն ու նրանց աշխատանքով ապահովելուն միտված այս ծրագիրը ղեկավարում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որ նաեւ ծրագրի ընդհանուր արժեքի (52,714 կանադական դոլար) 27%-ի ներդրողն է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։