Արմավիրի մարզի Ամասիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն բնակավայրերի խաղողագործները շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել։ Ասում են՝ անելանելի վիճակում են․ տասնյակ հազարավոր տոննաներով խաղողը մնացել է այգիներում, մթերող չկա, իսկ եթե անգամ մթերում են, շատ էժան գնով, որը ձեռնտու չէ խաղողագործներին։
Սեպտեմբերի 28-ին նրանք հանդիպել էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, որը նշել էր՝ մարզում շուրջ 25-30 հազար տոննա տեխնիկական սորտերի խաղողի մթերման խնդիր կա։ Մարզպետը վստահեցրել էր՝ որոշ գործարանների հետ փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել, ապա հավելել՝ եթե հաջողվի հասնել նրան, որ «Երեւանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ»-ի Ամասիայի մթերման կետը գործի, ապա հնարավոր կլինի գոնե բերքի կեսը մթերել։
Նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին, խաղողագործները Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել, ապա հանդիպել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, որը խոստացել էր լուծման ուղիներ գտնել։ Նախարարի հետ հանդիպումն, ըստ գյուղացիների, անարդյունավետ էր, ուստի նրանք, ի նշան բողոքի, հանդիպման հաջորդ օրը փակել էին Հուշակերտ-Ամասիա միջհամայնքային ճանապարհը։
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի վարչական ղեկավար Արայիկ Հարությունյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում փաստում է՝ գործադիրից ասել են՝ սպասե՛ք, լուծում կգտնենք, բայց, ցավոք, դեռեւս ոչ մի խնդիր էլ չի լուծվել։ Խաղողն էլ սպասել չի կարող․ օրերն անցնում են, բերքի քաշն ընկնում է, որոշ մասն էլ կարող է չամիչ դառնալ։ Եթե մթերման գործընթացն այսպես ձգձգվի, բերքը շուտով կփչանա, հնարավոր չի լինի որակյալ արտադրանք ստանալ։
Ամասիա բնակավայրում կա մոտ 4160 տոննա խաղող, բայց շատ փոքր մասն է մթերվել․ մոտ 3600 տոննա խաղողը մնացել է այգիներում։
«Ծառուկյանը երեկ եկել էր, որոշ գյուղացիների մի քանի տոննա խաղող մթերելու համար կտրոններ բաժանել։ Հիմնականում կտրոններ ստացել էին նրանք, ովքեր Ծառուկյանի ընկերությունից պարտքով թունաքիմիկատներ էին ստացել այգիները բուժելու համար։ Այդ կտրոնները ստացած գյուղացիներն էլ չեն կարողանա իրենց բերքն ամբողջապես հանձնել․ օրինակ՝ 40 տոննա ունեցողին 10 տոննայի մթերման կտրոն են տվել։ Մնացածն էլ չգիտենք՝ ինչ կլինի»,- ասում է Ամասիայի վարչական ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Տարիներ շարունակ գյուղացիները բողոքում են՝ գործարանները դանդաղեցնում են մթերման գործընթացը, մթերում են հոկտեմբերին, իսկ այդ ընթացքում խաղողի քաշի նվազմանը զուգահեռ խաղողի շաքարայնությունն է բարձրանում։ Այսինքն՝ գործարանը շահում է, իսկ գյուղացին վնաս է կրում։ Խաղողի մեջ շաքարի մակարդակը պետք է լինի 18 աստիճան եւ ավելի, բայց մթերումն այնքան է հետաձգվել, որ այժմ, օրինակ, Ամասիայում խաղողի շաքարայնության մակարդակը բարձրացել, հասել է 28 աստիճանի։
Ամասիայի վարչական ղեկավար Արայիկ Հարությունյանը խաղողագործ է։ Նա վստահեցնում է՝ Կառավարությունում էլ նախապես գիտեին այս խնդրի մասին։ Մոտ 20 օր առաջ Վահան Քերոբյանը եղել էր Ամասիայում, ասել էր՝ 120 դրամով մթերումը ձեռնտու չէ գյուղացիներին, գինը կբարձրացնեն, բայց իրականում այժմ մթերումը կատարվում է 100 դրամով, եթե իհարկե հաջողվում է պայմանագիր կնքել որեւէ գործարանի հետ։
«Եթե հիմա խաղողը 100 դրամով մթերեն, գյուղացին վնասով է դուրս գալու։ 20 տարի առաջ՝ 2003-ին, խաղողը 160-170 դրամով էին մթերում։ Այն ժամանակ վառելիքն ու պարարտանյութն անհամեմատ էժան էին, բանվորն էլ 3000 դրամով էր աշխատում, հիմա արդեն՝ 7000 դրամով։ Մի խոսքով՝ ամեն ինչ թանկացավ, բայց գյուղացու մշակած բերքն էժանացավ»,- գյուղացիների մտահոգությունների մասին պատմում է Ամասիայի վարչական ղեկավարը։
Նա ավելի քան 30 տարի խաղողի այգի է մշակում, նաեւ գինի ու օղի է պատրաստում։ Իր 1 հեկտար այգուց այս տարի պետք է մոտ 25 տոննա խաղող ստանա, բայց գոնե 1 տոննայի համար պայմանագիր կնքել չի հաջողվել։ Այդքան տարա ու հնարավորություն չկա 25 տոննա խաղողից տնային պայմաններում գինի ու օղի պատրաստելու համար։ Հարությունյանների ընտանիքը, որ անխոնջ աշխատել է այգում որակյալ բերք ստանալու համար, չգիտի ինչ անել։
«Հիմա տանը լիքը գինի ու օղի ունենք։ Մի մասն էլ բաժանել եմ։ Հնար չկա, չենք կարող 25 տոննա խաղողը բերել տուն ու վերամշակել»,- ասում է Հարությունյանը։
Բազմաթիվ խաղողագործների համար դեռ մարտից պարզ էր, որ մթերման խնդիրներ կարող առաջանալ։ Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն էր։ Եթե նախորդ տարիներին Հայաստանում արտադրված խմիչքների մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան, ապա այս տարի պատերազմի պատճառով արտահանման ծավալները նկատելիորեն նվազեցին։ Դրան հետեւեց մթերման խնդիրը։
Ամասիայում ապրող, 1,7 հեկտար խաղողի այգի ունեցող Ռադիկ Հովհաննիսյանն էլ նախորդ տարի իր բերքը հանձնել է 120 դրամով, հազիվ է ծախսերը հանել։ Եթե հիմա 100 դրամով կարողանա բերքը հանձնել, գործարանի տրամադրած գումարը այգու վրա ծախսած գումարն էլ չի ծածկի։
Արարատի մարզի որոշ համայնքներում եւս նման ծանր իրավիճակ է ստեղծվել։ Արտաշատ համայնքի Այգեպատ եւ Այգեզարդ բնակավայրերում խաղողի մեծ մասը մնացել է այգիներում։ Այգեպատի համայնքապետարանի աշխատակից Ռուզաննա Մանուկյանը պատմում է՝ իրենց գյուղում 60 հեկտար խաղողի այգի կա, բայց բերքի մոտ 20 տոկոսի համար է պայմանագիր կնքվել։
«Արտաշատ համայնքի Այգեպատ, Այգեզարդ, Շահումյան, Քաղցրաշեն գյուղերում գործարաններ կան, սակայն Այգեպատում եւ Այգեզարդում գտնվող գործարանները չեն աշխատում, գյուղացիներն էլ այսպիսի անելանելի վիճակում են հայտնվել»,- ասում է Ռուզաննա Մանուկյանը։
Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Ազատ Ավետիսյանն էլ պատմում է՝ իրենց գյուղում մոտ 270 հեկտար խաղողի այգի կա, որից ստանալու են 5000-6000 տոննա բերք, սակայն ընդամենը 1500 տոննայի համար է պայմանագիր կնքվել։
«Բնակավայրում էլի՛ խնդիրներ կան, սակայն ամենամեծ խնդիրը սա է։ Բոլորն են տեղյակ։ Գյուղացիներն էլ ոչինչ չեն կարող անել։ Անհնար է տասնյակ տոննաներով բերքն ամբողջովին քաղել, տուն տանել ու գինի պատրաստել կամ օղի թորել։ 30 տոննա խաղող ունեցողն ի՞նչ անի»,- հարցի պատասխանն առկախված թողնելով՝ ասելիքը եզրափակում է Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավարը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։