ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարեւորել է ադրբեջանական ԶՈՒ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարեւորել են Ադրբեջանի կատարած հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ այլ պատերազմական հանցագործությունների միջազգային հանրության հստակ դատապարտումը եւ հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
Մինչ այդ Միրզոյանը հանդիպել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։
Ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն արձագանքել էր հայ ռազմագերիների սպանությանը: