Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով «հավաստի աղբյուրի» եւ ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության, հրապարակել է Հայաստանից Ադրբեջանի պահանջները։
- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։
- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
- Միջանցք Հայաստանի տարածքով։
- Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919 եւ 1920 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը)։
- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»,– գրում է թերթը:
Թերթը խոստացել է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկել է կլոր սեղանի շուրջ նստել եւ քննարկել՝ ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում եւ հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը եւ համատեղ որոշում ընդունել։ Առաջին նախագահը նշել է, որ բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը