Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված նյութին, որում «հավաստի աղբյուր»-ը հրապարակել է Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու դիմաց Ադրբեջանի պայմանները:
«Իհարկե, մեր հանրության բավականին ստվար զագվածը շատ լավ հասկանում է, թե ով է այդ Հավաստի Աղբյուրը։ Մենք նաեւ գիտենք, որ հենց Հավաստի Աղբյուրի տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել։ Քանի որ սույն Հավաստի Աղբյուրը նաեւ հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է ըստ նրանց մերժման դեպքում՝ պատերազմի վերսկսման վտանգի մեծության, կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար»:
Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ Հավաստի Աղբյուրը նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշելու (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում բնականաբար Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ Մեխի Գլխի։
Ի դեպ, նորից որեւէ մանրամասն չի բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը»-, նշել է Լեւոն Զուրաբյանը։