Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններն ու բողոքի ցույցերը, որոնք բռնկվել էին Մահսա Ամինիի մահից հետո, ծրագրել էին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վարչակարգերը:
«Իսկ այդ երկրների ենթակաները եւ որոշ դավադիր իրանցիներ արտասահմանում օգնել են նրանց այդ գործում»,– ընդգծել է Խամենեին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ անկարգությունները եւ բողոքի ցույցերը դադարել են։
Սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանությունը ձերբակալել էր Մահսա Ամինին եւ ուղարկել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը՝ բացատրական զրույցի։ Իրավապահների հավաստիացմամբ այդ կենտրոնում Ամինին սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան համար մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետեւանքով տասնյակ մարդիկ են մահացել։