Միջազգային էներգետիկ գործակալությունը եռամսյակը մեկ հրապարակվող իր զեկույցում հայտնել է, թե Եվրամիության երկրները հարկ է, որ անցնեն գազի սպառման խնայողության 9-13 տոկոսի չափով, որպեսզի ջեռուցման սեզոնին ամբողջապես չսպառվի պահեստարաններում եղած գազի քանակությունը, եթե Ռուսաստանից գազի մատակարարումներն ամբողջովին դադարեցվեն ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։
Եթե ջեռուցման սեզոնին ԵՄ երկրները գազի սպառումը կրճատեն 9 տոկոսով՝ վերջին հինգ տարվա միջին սպառման ցուցանիշի համեմատ, հնարավոր կլինի գազապահեստարաններում գազը պահպանել 25 տոկոսի մակարդակում։ Իսկ եթե գազի սպառումը կրճատվի 13 տոկոսով, հնարավոր կլինի պահեստարաններում գազի քանակությունը պահպանել 33 տոկոսի մակարդակում։ «Սա այն դեպքում, եթե նույնիսկ հեղուկացված գազի մատակարարումների ծավալները նվազեն»,- շեշտել են Միջազգային էներգետիկ գործակալությունում։
Եվրոպան փորձում է գլխի ճարը տեսնել
Այս տարվա հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով գազի պահանջարկը նվազել է 10 տոկոսով։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց եւ ռուսական գազի՝ դեպի ԵՄ անխափան մատակարարումների դադարումից ի վեր եվրոպական երկրները սկսել են ավելացնել հեղուկացված գազի ներկրման իրենց հնարավորությունները։
Ըստ ՄԷԳ-ի տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոսի կտրվածքով աշխարհում հեղուկացված գազի վաճառքն ավելացել է 6 տոկոսով, մինչդեռ ԵՄ-ում այդ ցուցանիշը եղել է 65 տոկոս։
Եվրոպա հեղուկացված գազ սկսել են մատակարարել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այդ մատակարարումներն իրականացնողները, ինչով պայմանավորված էլ նշված տարածաշրջանում հեղուկացված գազի վաճառքի ծավալները նվազել են 7 տոկոսով։
«Գազի մատակարարման հուսալիության եւ ճկունության համար հեղուկացված գազի վաճառքը վճռական նշանակություն է ստանում»,- ասված է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը