ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը մանրամասն պետք է հետաքննվեն։ Կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական իշխանություններին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկելու տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից, իսկ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրությունը առողջացնելու եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: «Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու կողմերին»,- հավելել է Զախարովան։
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այն տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Ըստ Ստանոյի՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման սարսափելի արարքներ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ նման հանցագործությունները պետք է դատապարտվեն: Սա Եվրոպական միության խիստ դիրքորոշումն է»,- ասել է Ստանոն:
Խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի շահերից է բխում հետաքննել տեսանյութերը, որտեղ ադրբեջանական համազգեստով զինվորները սարսափելի հանցագործություններ են կատարում: Ըստ Ստանոյի՝ Բաուն պետք է աշխարհին ապացուցի, որ դա իրենց երկրի քաղաքականությունը չէ: Հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Եվրամիությունը կորոշի իր քայլերը։