Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ եւս մեկ անգամ ընդգծելով էթնիկ հայերի հիմնարար իրավունքների՝ ադրբեջանական կողմի խախտման փաստը:
Անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը. Ամենայն հայոց Կաթողիկոս
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի ուղեկցությամբ։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ հարաբերությունները խարսխված են ընդհանուր պատմամշակութային եւ քրիստոնեական արժեքների վրա։
Բարձր գնահատելով երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ ձեւավորվող գործակցությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նկատել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաեւ եկեղեցական մակարդակով, ինչի վկայությունն են Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունները։
Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին եւ սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշել է, որ Արցախի եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացվող ագրեսիան ու ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը։
Նորին Սրբությունը կարեւորել է նաեւ միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում։
Իր հերթին Պիետրո Կուրցիոն ընդգծել է, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, եւ այդ առիթով վստահություն է հայտնել, որ հայ-իտալական ջերմ հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն նաեւ երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ փորձի փոխանակմամբ եւ համագործակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։