Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։ Էրդողանը հոկտեմբերի 1-ի իր ելույթում հայտարարել էր հանդիպման հնարավորության մասին։
«Սաբահը» գրում է, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում եւ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։
Բացի դրանից, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի արագ ստորագրման առաջարկներով։
Հայկական կողմը հանդիպման մասին լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է։