Եվրամիության վիճակագրական «Եվրոստատ» ծառայության տվյալներով՝ սղաճը եվրագոտում հասել է երկնիշ ցուցանիշի՝ սեպտեմբերին սահմանելով հերթական ռեկորդը: Պատճառը շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմն է։ Ըստ Euronews-ի՝ պատերազմը լրջագույն բացասական հետեւանքներ է ունենում եվրոպական տնտեսության վրա։
Այսպես, եվրագոտու 19 երկրում սեպտեմբերին սղաճը կազմել է 10 տոկոս։ Օգոստոսին եվրագոտում սղաճը կազմել է 9,1 տոկոս։ Գնաճի հերթական ալիքը տեղի է ունեցել էներգակիրների գնի բարձրացման պայմաններում։ Էներգակիրներն էլ եվրոպական շուկայում նախորդ տարվա համեմատ արդեն թանկացել են 40,8 տոկոսով։ Սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 11,8 տոկոս։
Սղաճից առավել տուժած երկիրն Էստոնիան է, որտեղ այն հասել է 24,2 տոկոսի: Այնուհետեւ Լիտվան ու Լատվիան են, որտեղ սղաճը համապատասխանաբար 22,5 եւ 22,4 տոկոս է։
Առաջիկայում կքննարկվի գազի գնի իջեցմանը միտված միջոցառումների իրականացումը։ Մասնագետները նշում են, որ սղաճի այս նոր ռեկորդային ցուցանիշը լուրջ ճնշում կլինի Եվրոպական Կենտրոնական բանկի համար, եւ վերջինս ստիպված կլինի բարձրացնել մեկնարկային տոկոսադրույքները։
Մասնագետների կարծիքով այս տարի միջինացված ցուցանիշով սղաճը կկազմի 8,1 տոկոս, հաջորդ տարի՝ 5,5 տոկոս։ Տնտեսական աճն այս տարվա համար կդանդաղի 3,1 տոկոսով, հաջորդ տարի՝ մինչեւ 0,9 տոկոսով։
Ձմռանը գազամատակարարման խաթարումների դեպքում ամբողջ Եվրոպան, ներառյալ վերջինիս տնտեսական լոկոմոտիվ Գերմանիան, հաջորդ տարի տնտեսական նկատելի անկում կունենան։
Պատրաստեց Արման Գրիգորյանը