Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը, որը խոստացել է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն, հղում անելով «հավաստի աղբյուրին» եւ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության» վերնագրով այս անգամ հրապարակել է Հայաստանից Ռուսաստանի պահանջները։ Ավելի վաղ թերթը գաղտնազերծել էր Հայաստանից Ադրբեջանի 5 հիմնական պահանջները։
«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ, եւ Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- գրում է թերթը։
Թերթի «Հավաստի Աղբյուր»-ն այնուհետեւ նշում է, որ ՌԴ-ի գործողությունների իմաստը «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար Հայաստանի անվտանգային խոցելիությունը ցույց տալն է, որպեսզի ՀՀ-ն անհապաղ դիմի ՌԴ-ին։
Ի միջի այլոց
Այդ տեղեկությունը մեկնաբանելիս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նման խոսակցություն չկա, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։
Իր հերթին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության։
Դասագրքային ճշմարտություննե՞ր, թե՞ աղմկահարույց գաղտնազերծումներ
«Չնայած հրապարակային հայտարարություններին՝ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետեւ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետեւ ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի Իրանով էլ կարելի է կառուցել։
Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են»,- «Հավաստի Աղբյուր»-ի անունից գրում է թերթը՝ հավելելով, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը ավելի է մեծացել, եւ հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի եւ նավթի արտահանման հարթակ»։
Ճակատագրական այս իրավիճակում ի՞նչ է պահանջվում Հայաստանից
Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկել է կլոր սեղանի շուրջը նստել եւ քննարկել՝ ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում եւ հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը եւ համատեղ որոշում ընդունել։ Առաջին նախագահը նշել է, որ բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար:
ՀՀ առաջին նախագահը, անդրադառնալով թերթում Ադրբեջանի պահանջների գաղտնազերծմանը, շեշտել է, որ հրապարակումն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը