ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՄԱԳԱՏԷ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ եւ ապահով օգտագործմանը: Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ հնչած սպառնալիքներին, ինչպես նաեւ էլեկտրակայանի շահագործմանն առնչվող անհարկի շահարկումների անթույլատրելիությանը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի վստահելի գործընկերն է, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի թափանցիկ գործելաոճը եւ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների առաջարկությունների հետեւողական հասցեագրումը։
«Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստան-ՄԱԳԱՏԷ ծավալուն օրակարգը ներառում է ինչպես միջուկային անվտանգության եւ էներգետիկայի, այնպես էլ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների եւ այլ բնագավառներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է ՄԱԳԱՏԷ-ի ֆինանսական եւ մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: