Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Մյանմայում ուժային գերատեսչությունների աշխատակիցների հետ ընդհարումների հետեւանքով առնվազն 164 ցուցարար է զոհվել: Զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Զո Մին Թունը նշել է, որ ցավում է ակտիվիստների մահվան համար, քանի որ նրանք նույնպես իրենց երկրի քաղաքացիներ էին: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների հետեւանքով զոհվել է նաեւ անվտանգության ուժերի 9 աշխատակից:
Ավելի վաղ Մյանմայի քաղբանտարկյալների օգնության ասոցիացիան հայտնել էր, որ ցուցարարների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ընդհարումների հետեւանքով զոհվել է 250 մարդ:
Հիշեցնենք, որ Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բնակչությունը պարբերաբար հանդես է գալիս բողոքի ակցիաներով, ինչը խոչընդոտվում է անվտանգության ուժերի կողմից: Բանակի ներկայացուցիչները իրողությունը մեկնաբանում են 2020-ի նոյեմբերին տեղի ունեցած կեղծված ընտրություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: