ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Դրանով ՀՀ քաղաքացիների համար զենք ձեռք բերելու եւ օգտագործելու կանոններն էապես մեղմացվում են։ Զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը կլինի 21 տարեկանը, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլեւս պարտադիր չի լինի ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։
Քաղաքացիները նաեւ ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորման իրավունք են ստանում։ Նախկինում քաղաքացիներին տրված լիցենզիաներն ու թույլտվությունները կշարունակեն գործել մինչեւ դրանց ժամկետների ավարտը:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց: