Եվրահանձնաժողովը ներկայացրել է գազի գնի սահմանափակման հետ կապված հնարավոր ռազմավարությունը, որով փորձելու է պայքարել այս ձմեռ միությանը սպառնացող էներգետիկ ճգնաժամի դեմ։ Հիմնական խնդիրը ռուս-ուկրաինական չդադարող պատերազմի ֆոնին աճող սղաճը մեղմելուն ուղղված արտակարգ միջոցներն է, որոնց հարցում ԵՄ անդամ պետությունները տարակարծիք են:
Սցենարներից մեկով առաջարկվում է սահմանել գազի գնի «ժամանակավոր ճկուն» սահմանափակում, որպեսզի երաշխավորվի, որ Եվրոպան կկարողանա ստանալ բավարար քանակությամբ գազ։ Մեկ այլ սցենարով առաջարկվում է սահմանել համաեվրոպական «շրջանակ»՝ գազի այն ծավալի գնի սահմանափակման համար, որը ծախսվում է էլեկտրաէներգիա ձեռք բերելու համար։
Գազի գնի սահմանափակման ռազմավարությունը քննարկելու համար ԵՄ առաջնորդները հանդիպելու են հոկտեմբերի 7-ին։
Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանն ու 12 ԵՄ անդամ այլ երկիր Եվրահանձնաժողովին կոչ են արել առաջարկելու գազի ամբողջ մեծածախ վաճառքի համար սահմանել գնային ավելի լայն վերին շեմ, սակայն Եվրոպայում գազի ամենամեծ գնորդ Գերմանիան, ինչպես նաեւ Նիդերլանդները դեմ են նման սահմանաչափի սահմանմանը։
Եվրամիությունում սակայն բոլորը չէ, որ կողմ են գազի գնի վերին սահմանաչափի սահմանմանը։ Շատ փորձագետներ կարծում են, որ այն դեպի անհայտություն տանող քայլ կլինի, քանի որ Եվրամիությունում էներգետիկ սեկտորը զգալիորեն ազատականացված է, եւ այստեղ գործում են առաջարկի եւ պահանջարկի հիմնարար օրենքները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը