Միջազգային հանրությունը բուռն արձագանքեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը։ Երկար ժամանակ է, երեւի 1990-ականների առաջին տարիներից այս կողմ, մեզ ուղղված աջակցության ու քաջալերանքի միանշանակ խոսք չէր հնչել։
Պատճառը պարզ էր՝ 1990-ականների վերջերից սկսած եւ 2000-ականների ողջ ընթացքում նույն այդ միջազգային հանրությունը մեզնից ռացիոնալ քայլ էր ակնկալում։ Սպասում էին, որ մենք, ճիշտ գնահատելով իրավիճակը, համադրելով մեր ու մեր հարեւանների հնարավորությունները եւ ցանկությունները, աշխարհում ընդունված խաղի կանոնները, կգնանք հարեւանի հետ առկա հակասության խաղաղ լուծման ճանապարհով։
Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Հակառակը՝ մենք մեր անհեռատեսությամբ, սխալ հաշվարկներով, մեր ամբարտավանությամբ ինքնորոշման եւ իրավունքի համար սկսած մեր պայքարը, որ դրսում ընկալվում ու լայն աջակցություն էր վայելում, վերածեցինք հայ-ադրբեջանական պատերազմի ու հարեւանից գրավված տարածքների յուրացման փորձի։
Հայաստանը, նման դեպքում, չէր կարող արդեն ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Նրանց համար շատ ավելի ընկալելի դարձավ Ադրբեջանի բարձրաձայնած տարածքային ամբողջականության վերականգնման պահանջը։ Արդյունքը, որ գրանցեցինք քսան տարի անց, մեր այսօրն է՝ իր ծանրագույն խնդիրներով հանդերձ։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ հարձակումը, սակայն, իրավիճակ փոխեց։ Մեզ կրկին պատրաստ են աջակցելու։ Մնում է, որ մենք հեռատես ու խելոք գտնվենք, ճիշտ գնահատենք նոր իրավիճակը, ճիշտ եզրահանգումներ անենք ու ճիշտ քայլեր ձեռնարկենք։ Հասել ենք մի սահմանի, որից այն կողմ կորցնելու իրավունք այլեւս չունենք։
Արեւմուտքի համար այսօր, հատկապես Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին, սահմաններ վերաձեւելու նպատակով պատերազմի սանձազերծումը ավելի քան մերժելի է։
Վատ օրինակը վարակիչ է։ Ադրբեջանն, ըստ էության, փորձեց նմանակել Ռուսաստանին։ Որոշեց՝ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, գերտերություն Ռուսաստանը կարող է Եվրոպայում նման քայլի գնալ, ապա իրենք էլ նույնը կարող են անել մեր տարածաշրջանում։ Նրանց չզսպեց անգամ հանգամանքը, որ Ռուսաստանը չի հաջողում։
Վերջին երկու տարիներին գրանցած հաջողություններից ծնված ոգեւորությունը թույլ չտվեց նկատել, որ չի էլ հաջողելու։ Չի հաջողելու գլխավորապես այն պատճառով, որ իր այդ քայլով ջնջում է Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգը, վերացնում հստակ ձեւակերպված եւ ամրագրված խաղի կանոնները եւ ամենաթողության սկիզբն է դնում։ Հաջողելու դեպքում ստացվելու է, որ բոլորը կարող են հարձակվել իրենց հարեւանի վրա եւ ուժով փորձել գծել իրենց համար ցանկալի սահմանները։
Հավաքական Արեւմուտքը, որ իր խաղաղությունը եւ իր բարեկեցությունը պահպանելու խնդիր ունի, որին մեծ պատերազմներ ու ցնցումներ բոլորովին պետք չեն, նման զարգացում թույլ տալ չի կարող։ Այս պատճառով էլ Ուկրաինան ամենայն աջակցություն է ստանում։ Սա է նաեւ պատճառը, որ այսօր մեր օգտին ձայն է հնչում։
Գործընկերների հետ շփումներում Հայաստանը հենց այս հանգամանքի վրա պետք է շեշտը դնի։ Պետք է հիմնավորի, որ Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիան նույն դաշտից է, ինչ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրածը։ Պետք է հիմնավորի, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական մակարդակի բարձրացված, մշակված ու համակարգված քաղաքականություն է, որ այդ երկրի ղեկավարը հայատյացության քարոզչության առաջնորդն է, որն իր խոսքում ու իր ծրագրային ելույթներում Հայաստանի Հանրապետության գոյությունն է կասկածի տակ դնում, որ միշտ է սահմաններ վերաձեւելու սպառնալիքներ հնչեցրել, իսկ սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ պատերազմն այդ ծրագրերն իրականացնելու փորձ էր։
Իհարկե, դժվար է ակնկալելը, թե մենք էլ կարող ենք ստանալ այն կարգի եւ այն որակի աջակցություն, ինչ ստանում է Ուկրաինան, բայց խնդիրը ճիշտ ձեւակերպելու ու ճիշտ մատուցելու դեպքում բավարար աջակցություն ակնկալել կարելի է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։