Հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Երեւան այցելած Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին անձամբ իր եւ ՄԱԳԱՏԷ-ի անունից հայտարարել է, որ ռազմական առճակատման պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող սպառնալիքի տակ հայտնվել՝ հույս հայտնելով, որ դա երբեք տեղի չի ունենա: Գրոսին նշել է, որ նախկինում նման հայտարարություններ լսել է, եւ դրանք անթույլատրելի են:
Երեւանում Գրոսիի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետի հետ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցելել է Մեծամորի ԱԷԿ: «Հայաստանի տնտեսությունը հենվում է Մեծամորի ԱԷԿ-ի վրա, եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է աջակցել կայանին՝ արտադրելու անվտանգ եւ անվնաս, ցածր ածխածնային արտանետումով էներգիա: Հաճելի է տեսնել բարելավումները Մեծամորի անվտանգության ապահովման ոլորտում, եւ տպավորված եմ գործին կայանի աշխատակիցների նվիրվածությամբ»,- թվիթերյան գրառման մեջ նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։
ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը անվերջ երկարացնել հնարավոր չէ
ԵՊՀ–ում ուսանողների հետ հանդիպմանը եւս ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դրական է գնահատում ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքը: Նա ընդգծել է, թե միաժամանակ պետք է հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ երկարացնել ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը։
Խոշոր նոր կայա՞ն, թե՞ մի քանի փոքր մոդուլային տիպի ռեակտորներ
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը հավելել է, որ Հայաստանի ղեկավարության առջեւ շատ հարցեր են ծառացած՝ կառուցել սովորական կամ խոշոր կայա՞ն, թե՞ մի քանի փոքր մոդուլային տիպի ռեակտորներ: Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ ինչ-որ արեւմտյան ընկերությունների հետ։