Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ընդգծելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է եւ պետք է պահպանվի։
Նամակում նշված է, որ ՀՀ ՄԻՊ-ը ունի միջազգային «A» կարգավիճակ, որը նրան հնարավորություն է տալիս ելույթներ ունենալու ՄԱԿ-ի կառույցներում՝ երկրի համար կարեւորագույն հարցեր բարձրացնելով, ինչպես նաեւ ընտրելու եւ ընտրվելու միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում:
ՀՀ օրենսդրական փոփոխություններից հետո Հավատարմագրման ենթահանձնաժողովը իրավասու է նախաձեռնել հատուկ ստուգում, որը գուցեեւ բացահայտի, որ դրանք չեն համապատասխանում ENNHRI պայմաններին եւ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին. այդ դեպքում ՄԻՊ-ը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտին:
ENNHRI նախագահը ՀՀ ԱԺ նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել միջազգային չափանիշների համատեքստում՝ երաշխավորելով ՄԻՊ-ի արդյունավետ եւ անկախ աշխատանքը:
Քերոլայն Ֆենելին ընդգծել է, որ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի՝ հաճախակի մարդու իրավունքների ոտնահարումների զոհ դարձող անդամներին: Իշխանական կառույցները պատշաճ ֆինանսավորման թեմայով պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային պատկան մարմինների հետ, եւ որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ, որի գործունեության ոլորտներից են մարդու իրավունքների հաստատությունների համապատասխանության հարցերը ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին այդ հաստատությունների հավատարմագրման ժամանակ, ինչպես նաեւ նրանց աջակցելը՝ սպառնալիքների դեպքում։