Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տեղը գրաված Հայաստանի տղամարդկանց հավաքականին պարգեւատրելու համար ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից 39 միլիոն 240 հազար 600 դրամ կհատկացվի։
Բացի նման դեպքերում հավաքականի անդամների ու մարզիչների համար հաստատված պարգեւատրման չափերից` որոշվել է նաեւ լրացուցիչ 5-ական միլիոն դրամով պարգեւատրել հավաքականի հինգ մարզիկներին, 3–ական միլիոն դրամով էլ` հավաքականի գլխավոր մարզիչին ու թիմի ղեկավարին:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը ներկայացել էր հետեւյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան (վարկանիշը` 2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն եւ արծաթե մեդալ վաստակեց։
Մարզիչ Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանն այդ օլիմպիադայում առաջին անգամ էին հանդես գալիս ՀՀ հավաքականի կազմում։
Թիմն առաջին անգամ էր ներկայանում առանց առաջատարի` գրոսմայստեր Լեւոն Արոնյանի, որին փոխարինել էր Գաբրիել Սարգսյանը։
Հայ եւ իրանցի շախմատիստներն առաջատարներն են
Ծաղկաձորում շարունակում են ChessMood շախմատային միջազգային մրցաշարի պարտիաները: Անցկացվել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ այլք: Շանթ Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Մանուէլ Պետրոսյանը եւ Իրանից Ամիրռեզա Բալան ունեն 5,5-ական միավոր: Տասը շախմատիստ հավաքել է 4,5-ական միավոր:
ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: